MediaArm.am Նիգերիայի հյուսիսարեւմտյան Զամֆարա նահանգում ավազակային հարձակումների շարքի հետեւանքով զոհվել է առնվազն 35 մարդ։ Այս մասին տեղեկացրել է նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մոհամեդ Շեհուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հինգ գյուղերում սպանվել է 35 մարդ»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ ավազակները զբաղվել են թալանով եւ մարդկանց առեւանգումներով։
Այնինչ, ականատեսների վկայությամբ՝ զոհերի թիվը հասնում է 43 մարդու։ Իր հերթին, նիգերիական Premium Times թերթը նշում է, որ գրոհները գյուղերի դեմ տեղի են ունեցել Զամֆարա նահանգի Ֆարու շրջանում այն բանից հետո, երբ տեղի բնակիչները հուլիսի 7-ին սպանել էին երկու ավազակի, որոնք սպառնում էին նրանց զենքով։
Ուրբաթ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ ավազակները հարձակվել են Ֆարու քաղաքի վրա եւ սպանել 45 բնակչի։