Սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 70․5 կմ հատվածում բախվել են «Mercedes B200» մակնիշի ավտոմեքենան և ավազով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում մահացածը մոտ 10-ամյա աղջիկ է, իսկ հիվանդանոցում մահացածը 3 ամսական տղա, մահացածները քույր ու եղբայր են, վիրավորներն էլ՝ նույն ընտանիքի անդամներ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։