MediaArm.am-Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զորամիավորումները ևս 200-300 մետր առաջ են եկել, դիրքավորվում են։ «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ «Հետ չեն գնում, նույնիսկ ինչ-որ տեղեր էլ իրենց դիրքերն ավելի են հարմարեցնում։ Կութում մի 200-300 մետր էլի առաջացել են։ Եթե այսպես թողնենք, ուրեմն կգան ամեն տեղ էլ կհասնեն, սրա դեմը պետք է առնել»,- ասել է նա։
Նրա խոսքով` իշխանությունն ամեն ինչ պետք է անի խնդրի ռազմական լուծումը բացառելու համար։ Մյուս կողմից` պետք է արձանագրել, որ մինչև այս պահը բանակցությունները որևէ արդյունք չեն տվել. «Մեր կողմից բոլոր զինվորները կանգնած են, բայց ամեն դեպքում պետք է շարունակել բանակցել։ Այսպես լարվածությունը մեծանում է, ինչը կարող է պայթունավտանգ լինել։ Կարծում եմ` կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի, բայց մինչև հիմա ոչ մի շարժ չկա, թե ով ինչքանով է մեղավոր` չեմ կարող ասել»,- նշել է Ավետյանը։