MediaArm.am Սյունքի մարզի Տեղ խոշորացված համայնքի համայնքապետարանը հերքում է համայնքի կազմում գտնվող Խնածախ գյուղի բնակիչ Հրահատ Մեսրոպյանի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանցիները մտել են իրենց գյուղ, գողություն ու անկարգություններ արել ու նաև գողացել իր ձին:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեսրոպյանի ձին արածելիս հատել է սահմանը, ու այս պահին թշնամու մոտ է։ Գյուղի երիտասարդները, ովքեր գիշեր֊ցերեկ Առաջին բանակային կորպուսի հետ հսկում են սահմանները, վրդովված են համագյուղացու հայտարարությունից»,– ասված է համայնքի ղեկավարության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը այս պահին ՌԴ հրամանատարության հետ բանակցություններ է իրականացնում՝ Հրահատ Մեսրոպյանի ձին վերադարձնելու համար։