Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից ու սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստնեը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է, այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն ու ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։
«Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութան համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։
Ամեն դեպքում, մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ կարգավորումների հասնելու համար»,- ընդգծեց վարչապետը։