Երկնային ժպիտով տղան. վաղը կլրանար հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Միշա Դումիկյանի ծառայության մեկ տարին։
«Ինչ էլ ասեմ քիչ կլինի. դրական, ընկերասեր, հարգանքով , կենսուրախ, ուսումնատենչ տղա է։ Ես պարզապես չեմ կարող նրա մասին անցյալով խոսել, նա մնում է իմ աշակերտը, ես դեռ սպասում եմ, որ լուրը հերքվելու է ու նա հետ է վերադառնալու գյուղ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Միշայի գերմաներենի ուսուցչուհի Կարինե Ավետիսյանը։
Միշան ամենից շատ սիրում էր պատմություն առարկան ու հենց դրա համար էլ ընդունվել էր ԵՊՀ–ի մշակութաբանության բաժին։
Նա նաև ակտիվ ուժային եռամարտով ու կարատեով էր զբաղվում։ Մի շարք մրցաշարերում դարձել էր չեմպիոն։
Ոսուցչուհին պատմում է` երեկվա դեպքից հետո Միշայի համադասարանցիների հետ խոսել չի լինում։ Ասում է` ում տեսնում եմ, լուռ նայում են դեմքիս ու արտասվում, վերջում առանց բառ փոխանակելու հեռանում ենք։