«Փաստինֆոն» վերջին օրերին պարբերաբար ահազանգեր ու դժգոհություններ է ստանում ընթերցողներից Wildberries առցանց առևտրի հարթակի գործունեության հետ կապված։
Քաղաքացիները դժգոհում են, որ ընկերությունը կամ ժամանակին չի առաքում ապրանքները, կամ էլ` գումարը գանձելուց հետո պատվերը չեղարկում է, իսկ գումարն էլ չի վերադարձնում։
Արտաշեսը մեզ հետ զրույցում պատմեց, որ հուլիսի վերջին հարթակում փորձել է շտատիվ պատվիրել։ Պատվերն ընդունել են, գումարն արագ գանձել, սակայն հետո ասել են, թե տվյալ ապրանքը չկա։
«Քանի որ ապրանքը չկար՝ խոստացան, որ կվերադարձնեն գումարը։ Տևական ժամանակ է անցել, սակայն գումարն այդպես էլ չի վերադարձվել։ Ուրիշ ապրանք էի ուզում պատվիրել, գրեցի՝ հարցրի, թե ինչու չեն վերադարձնում, էլի խոստացան, որ առաջիկա երկու օրերի գումարը հետ կտան; Արդեն 1.5 ամիս է, գրեթե ամեն շաբաթ ասում են՝ էս երկու օրը։
Մեկ այլ քաղաքացի՝ Լիզան էլ պատմեց, որ Wildberries-ից պարբերաբար զուգագուլպաներ է պատվիրել ու պարբերաբար հենց այդ ապրանքատեսակի հետ խնդիրներ են եղել։
«Անցած տարեվերջին, երբ պատվիրեցի՝ ծանուցել էին, որ 15 օրում կհասնի, բայց մոտավորապես 3 ամիս անց է տեղ հասել։ Երբ նայում էի՝ համակարգը ցույց էր տալիս, որ ինչ- որ կետում մնացել է ու որևէ արձագանք չկար, որևէ մեկը չէր բացատրում ու պարզաբանում, թե ինչով է դա պայմանավորված։ Երբ պարզվեց, որ ապրանքը եկել է Երևան, համակարգը տևական ժամանակ ցույց չէր տալիս, որ հասել է Երևան, որպեսզի գնամ վերցնեմ։ Կինը նաև պատմեց, որ նույն ապրանքը երկրորդ անգամ կրկին պատվիրել է այս ամռանը ու էլի նույն իրավիճակում է հայտնվել։
«Քանի որ Wildberries-ում իմ նախընտրած ապրանքը 2.5 անգամ ավելի էժան էր, մոռանալով նախկին դառը փորձը՝ կրկին փորձեցի։ Նորից գումարն ակնթարթորեն գանձեցին, բայց հուլիսից մինչև հիմա նորից համակարգը ցույց է տալիս, որ էլի ինչ-որ կետում կանգնած է, ու որևէ շարժ չկա։
Իրենց հետ կապ հաստատել չի հաջողվում, որևէ պատասխան իրենցից հնարավոր չի լինում ստանալ։ Ավելին, ես չեմ բացառում որ ապրանքը եկել է, պարզապս համակարգը ցույց չի տալիս, որ Հայաստանում է։ Հնարավոր է իրենք բաշխման հետ խնդիր ունեն։
Արեգնազն էլ նշում է, որ վերջին ամիսներին սպասարկումը, ապրանքների մատակարարումը կտրուկ վատթարացել է: Բազմիցս օգտվել է հարթակից, որի արդյունքում արդեն շուրջ 35 տոկոսի զեղջով է արդեն պատվիրում իրեն անհրաժեշտ ապրանքները, սակայն հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին պատվիրած որևէ ապրանք դեռեւս տեղ չի հասնում։
«Նախկինում, եթե իրենց կետերում մեծ հերթեր են եղել, որի արդյունքում, երբեմն մի քանի օր շարունակ հնարավոր չի եղել պատվիրված ապրանքը ստանալ, ապա հիմա ապրանքն ուղղակի տեղ չի հասնում, իսկ գրասենյակում ոչ ոք հարցերին պատասխաել չի կարողանում», - ասում է մեր զրուցակիցն ու ավելացնում` «Չգիտեմ ինչումն է խնդիրը, բայց Wildberries-ն էլ առաջվանը չի »։