A1News.am-Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո քաղաքացու մահվան մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` Al Jadeed հեռուստաընկերությանը հղումով: Աղբյուրը հավելում է, որ այլ ընկերությունների դեղամիջոցներով պատվաստում ստացած 8 մարդու մահվան հանգամանքները, ըստ նախարարության, հետաքննվում են։
Առողջապահության նախարար Համիդ Հասանն ասել է․ «AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո մահվան մեկ դեպք կա, որը հետաքննվում է․ պարզվում են նաև այլ պատվաստանյութեր ստացած 8 քաղաքացիների մահվան հանգամանքները»։
Մինչ այսօր Լիբանանն ամենաշատը ստացել է Pfizer պատվաստանյութ, որը հիմնականում սպառվել է տարեց քաղաքացիների պատվաստումների համար, իսկ AstraZeneca-ն նախատեսված է 65-ից ցածր տարիքային խմբերի համար։ Ինչ վերաբերվում է ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութին՝ այն բաժանվում է մասնավոր ընկերություններին և առողջապահության նախարարությունը չի փոխհատուցում այդ ծախսերը։
Նախարարության տվյալներով՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիների թիվը հասել է 1 միլիոն 425 433-ի, ինչը կազմում է բնակչության 20,9 տոկոսը։ Նախարարի խոսքով` մինչը հուլիսի կես պատվաստված կլինի երկրի բնակչության 70 տոկոսը։