MediaArm.am «Քննարկեցինք սահմանային գոտիներում ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունը։ Ես ներկայացրի խմբակցությունների անդամներին՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ներկա դրությամբ։ Կարող եմ փաստել, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում ԶՈՒ-ները կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան»,- ասաց ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում պատգամավորների ու Գլխավոր շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ քննարկում է կազմակերպվել, որի օրակարգում սահմանին ստեղծված իրավիճակն է։
«Հակառակորդը նույնպես ունի մարդկային կորուստներ ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այն խնդիրը, որն առաջադրված է մեր ԶՈՒ-ներին, կատարելու ենք պատվով։
Բոլոր դեպքերում, հակառակորդը մնում է հակառակորդ։ Ցանկացած պետության համար հակառակորդ հանդիսացող պետությունը փորձելու է տարբեր միջոցներով ճնշում գործադրել մյուս դիմակայող պետության բանակի վրա։ Նույնը նաեւ մեր հակառակորդ պետությունը՝ Ադրբեջանը, փորձում է տարբեր միջոցներով ճնշել մեզ, բայց դա նրան չի հաջողվում։ Հրապարակում կա` Սեւ լճի շրջանում են շեշտվել, բայց Սեւ լճի շրջանում ասելով` մենք պետք է հասկանանք, որ դա չի իրականացվում հենց Սեւ լճի տարածքում, դա դեպի հարավի ուղղությամբ է, հակառակորդը փորձել է մոտենալ մեր մարտական դիրքին, չէր գտնվում այնպիսի հեռավորության վրա, որ մեզ ինչ-որ վնաս պատճառեր։ Մեր զինծառայողների մարտական ծառայության ճիշտ իրականացման պարագայում գիշերային ժամերին հաջողվել է հայտնաբերել հակառակորդին, կրակային ազդեցություն գործել, որի արդյունքում նա, տալով կորուստ, հետ է քաշվել։
Հակառակորդը կարող է փորձել ստուգել նաեւ մեր զինծառայողների իրականացրած ծառայությունը։ Այսինքն՝ ինչպես է արձագանքում հայկական կողմն իրենց սադրիչ գործողությանը։ Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ ինքը կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, դա խեղաթյուրված պատմություն է։ Նրա հայտարարությունները մեզ համար հիմք չեն հանդիսանում, այլ ավելի են բարձրացնում մեր զգոնությունը»,- պնդեց գեներալը։