MediaArm.am Հայաստանի որոշ հիվանդանոցներում պետպատվերը իրոք սպառվել է՝ ելնելով «հետպատերազմական իրավիճակից ու դիմելիության ահռելի ցուցանիշից»: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Այս պահի դրությամբ պետպատվերի շահառուները կարող են միայն հերթագրվել, որպեսզի անհրաժեշտ հետազոտություններն ու վիրահատությունները ապագայում կատարվեն: Բայց թե երբ կլինի այդ ապագան՝ հայտնի չէ:
Ըստ լրատվամիջոցների տվյալների, չի կարելի բացառել, որ պետպատվերը կրկին հասանելի կդառնա միայն հաջորդ տարի: Սակայն, նախարարության աշխատակիցների խոսքով, հնարավոր է, որ այս տարի միջոցների վերաբաշխում կատարվի եւ հնարավոր լինի միջոցներ ուղղել պետպատվերով հետազոտությունների եւ վիրահատությունների համար:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցների տվյալներով, օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին եւ հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (ՄՌՏ, ՀՏ): Դրանց կարիքն ունեցող պացիենտներին առաջարկվում է հերթագրվել:
Ոլորտի որոշ մասնագետների խոսքով, պատճառը սխալ ֆինանսական քաղաքականությունն է. Հայաստանում ահռելի ծավալով կորոնավարակով պետպատվեր է իջեցվում, եւ բազմաթիվ օտարազգիներ այսօրվա դրությամբ կորոնավիրուսային վարակից բուժվում են ՀՀ բյուջեից իջեցված՝ մինչև 650 հազար դրամ (մեկ մարդու համար) պետպատվերի շրջանակներում: