Երևանում, ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից միանգամից 9 երթուղի պետք է գործարկվի` «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով: Պրոցեսն արդեն սկսված է։
Հիշեցնենք` ապրիլի 4-ին Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին նվիրաբերեց նոր ներկրված թվով 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և թվով 87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսներ։ Դրանք աստիճանաբար շահագործման են հանձնվում։ Մինչև սեպտեմբերի 1-ը Երևանում այլևս հին «Գազելները» չպետք է գործեն։ Երևանի տրանսպորտից օգտվողները գիտեն, որ նոր ավտոբուսներից հետո քաղաքացիների մոտ դժգոհություն է առաջացել, մասնավորապես կապված օդափոխման համակարգի հետ։
Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում մեկնարկած հերթական գործակարգավարական նիստին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց ինչի մասին է խոսքը։
«Ժոնգ Թոնգ»-ներում օդափոխության համակարգը աշխատում է, բայց լինում են բողոքներ ուղևորների կողմից և այդ պատճառով վարորդները չգիտեն միացրած պահեն, թե անջատեն։ «Ժոնգ Թոնգ»-ներում վերևից է սառը օդը փչում և մարդկանց գլխին։ Դրա համար են մարդիկ բողոքում»,- ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը։
«Ամեն դեպքում՝ հարցին պիտի լուծում գտնել։ 37 աստիճան տաքությամբ անհնար է առանց օդափոխման համակարգի»,- արձագանքեց Ավինյանը։
«Տես ինչ սառը, լավ ավտոբուս է», – օրերս ասում էր վարչապետը՝ նստելով նոր ավտոբուսներից մեկը։