Մամուլում շրջանառվող ինֆորմացիային ի պատասխան` «Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առեւանգել են Աշոտ Փաշինյանին։ Պետք է պարզաբանենք եւ հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետեւ մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից։
Եռաբլուրում, սեպտեմբերի 21-ի գործով հերթական դատական նիստից հետո` «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։ Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին` առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել եւ միասին գնալ Եռաբլուր։
Աշոտ Փաշինյանն առանց առարկումների, առանց որեւիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան եւ ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։
Այնուհետեւ ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից։ Մեքենայի մեջ եղել են միայն տվյալ հերոսածին մայրը եւ Աշոտ Փաշինյանը: Մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ նման ստահոդ տեղեկություններ տարածողներին միայն կասենք 1 բան, որ եթե շարունակվի դեզինֆորմացիայի լայն տարածումը, ապա ստիպված կլինենք տեղադրել տեսանյութ, որտեղ սույն երիտասարդը ինքն է իրենով նստում մեքենան»: