Այսօր՝ օգոստոսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով մահացել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանն ու Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Նարեկ Գ.-ն է։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում Հ. Հովհաննիսյան փողոցի 119 շենքին հարակից զբոսայգում վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Գ.-ի և Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Բ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Նարեկ Գ.-ի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում աշխատել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Դեպքի վայրում՝ զրուցարանի մոտ, հայտնաբերվել է գարեջրի մոտ 30 դատարկ շիշ, հողաթափ և գլխարկ, որոնք քննիչն առգրավվել է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արթուր Բ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։