Ես հիմա խոսում եմ ոչ որպես նախկին արտաքին գործերի նախարար, այլ պարզապես Հայաստանի քաղաքացի, պատիվ ունեցող քաղաքացի, որ այս վերջին շրջանի բոլոր իրադարձությունների ներքո ուղղակի նվաստացած է զգում, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Ադրբեջանի ԱԳՆ-ի ելույթին չեմ ուզում անդրադառնալ, դա իրենց գործն է, ամբողջությամբ կեղծիք է, իսկ ահա Արարատ Միրզոյանի ելույթը կարելի էր համարել ինչ-որ չեզոք միջազգային կազմակերպության ներկայացուցչի զեկույց, որում պարզապես կոչ է արվում անվտանգության խորհրդի անդամներին ինչ-որ քայլեր անել և ապահովել Արցախի բնակչության անվտանգությունն ու իրավունքները,- ասաց Օսկանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Արարատ Միրզոյանի ելույթին:
Արարատ Միրզոյանից սպասում էի ոչ թե լսել, որ Արցախի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի, այլ պիտի ասեր շատ ավելին. արցախցին վաստակել է այդ իրավունքը։
Մի՞թե չի կարողանում լեզուն պտտել, ավելին ասել, համարձակ խոսել՝ ի պաշտպանություն Արցախի, Հայաստանի։ Պետք էր ասել՝ այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում, որ Արցախի ժողովուրդն ապրի ավտորիտար ռեժիմի ներքո։