Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Էդվարդ Ն․-ն իր վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 53 կմ հատվածում՝ Ափնա գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Լյովա Ա․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։