Այսօր՝ հունիսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 27-ին Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին տեղի ունեցած 06-ի և Volkswagen-ի բախման հետևանքով ողբերգական ավտովթարից հետո։
Տեղում մահացել էր 06-ի վարորդը, իսկ 7 հոգի, որոնց թվում նաև Ռոբերտ Ա․-ն, տեղափոխվել էին հիվանդանոց։
Նրանք մեկնում էին Գառնի գյուղ՝ ըմբշամարտի մրցմանը մասնակցելու համար։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել էին Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։
Վիրավորներից 3-ին հիվանդանոց էին տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով։
Օպերատիվ էին գործել Գառնու ամբուլյատոր կենտրոնի և Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում 1-ին բուժօգնությունն էին ցուցաբերել։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր վարույթ։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ Volkswagen-ը վարել էր Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Ավետիք Բաղդասարյանը, իսկ VAZ 2106-ը վարել էր Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդոյանը։
Վթարի հետևաքնով վերջինս տեղում մահացել էր։ Volkswagen-ի վարորդ Ա․ Բաղդասարյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Իսկ «06»-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 8-ամյա Սարգիս Օ․-ն, ով «06»-ի վարորդի տղան է, 9-ամյա Դավիթ Օ․-ն, ով նույնպես «06»-ի վարորդի որդին է, 21-ամյա Հայկ Ա․-ն, 12-ամյա Ռոբերտ Ա․-ն, 12-ամյա Վահան Օ․-ն և 21-ամյա Նորիկ Ղ․-ն տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները բուժօգնություն ցուցաբերելուց հետո երեխաներից մի քանիսին տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։