Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, միաժամանակ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ավտոտնակի ներսում հավանաբար կան քաղաքացիներ, ովքեր չեն արձագանքում դռան թակոցին և հեռախոսազանգերին:
Մինչ հրշեջների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերվել են կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենա:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածներն են՝ Շիրակի մարզի բնակիչներ 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն:
Սարգիս Ա.-ն աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարկում: