Երեկ՝ օգոստոսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ բնակավայրում ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դովեղ բնակավայրի «Գեղատեղի» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Սամվել Կ.-ն իր վարած Vaz 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մ գլորվելով հայտնվել անտառում և բախվել ծառերին։
Փրկարարներն ու պարեկները Սամվել Կ.-ի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և պատգարակով մոտեցրել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի դիատարին։
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: