Երեկ՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վրեժ Բ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 309․5 կմ հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված KamAZ մակնիշի բեռնատարին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Բ․-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Վրեժ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով` քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են KamAZ-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։