Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը։
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել հրշեջ փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Դավիթ Ղազախեցյանի գլխավորությամբ, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Գուգարքի բաժին, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։