Hraparak.am-ը գրում է․ Կինն իրեն մեղավոր է ճանաչել, երեխաները տեղափոխվել են համապատասխան խնամքի կենտրոններ. ՔԿ:
Սա՞ էր այն ամենը, ինչին սպասում էր հանրությունը։ Ու սա համարում եք վճի՞ռ, բացահայտու՞մ։ Սա նույն փակ շղթան է, որտեղ բոլոր հանցագործությունները մարում են։ Սա հանցագործությունների շիրմաքարն է, որտեղ գուցե տեղ չանի գրելու՝ աստ հանգչում է այսինչի, այնինչի, հազարերորդի հանցանքը․․․ Երկու ամիս հետո գուցե այդ կինը գնա ու Դուբայում հանգստանա։ Օրինակներ չունե՞նք։
Անչափահաս աղջկան բռնության ենթարկող կինը, հրապարակումներից եմ ասում, խոստովանել է, որ ինքը դա արել է փողի դիմաց։ Իրեն վճարել են, բայց ինքը չի ճանաչում վճարողին։ Հավատու՞մ եք, որ նրան չի ճանաչում։ Ընտանիքը՝ երեխաներով հանդերձ, պրոֆեսիոնալների խումբ է, նայեք կադրերը։ Սոցիալական ցանցերում համարյա բոլորն ասում են, որ չեն նայել կամ չեն կարողացել նայել տեսանյութը։ Այդ դեպքում ինչպե՞ս են կարծիք հայտնում ու պարտադրում, որ լսենք իրենց կարծիքը։ Նայեք տեսանյութը ու տեսեք, որ բոլոր երեխաները վաղուց են պատրաստված նման խաղերի։ Այսինքն նրանք նորեկ դերասաններ չեն, շատ վաղուց են զբաղվում մոր հետ այդ գործով։
Երեխաները վաղուց են մասնակիցը այն խաղի, որը մայրը անում է փողով։ Մոր խոստովանությունը մեզ հետաքրքիր չի, դա բացահայտ է, ոնց որ մեկին մարդ սպանելուց կամ փող վերցնելուց բռնես ու ասես՝ ոստիկանությունը հայտնաբերեց հանցագործին։ Իհարկե, մայրը հանցագործ է, դա բացահայտ երևում է կադրերից և այստեղ անմեղության կանխավարկածը բացառվում է, բայց պետք է հանցագործության պարագլխին բացահայտել, հասկանալ, թե ինչու է նա այդ տեսանյութը նկարահանելուց ամիսներ հետո է լույս աշխարհ նետել կամ ինչու է նման տեսանյութ նկարահանում։ Սա քաղաքական պատվեր է։ Առավել ևս, երբ սոցիալական հարթակներում նման տեսանյութեր կամ քաղաքական պատվերներ «շատ են ֆռռում»՝ արատավորելով այս կամ այն մարդուն, սոցիալական խմբին։
Պատվիրատուին պիտի բացահայտել, մայրը բացահայտված է։ Պետք է հասկանալ, թե ում պատվերով է նա կատարել այդ հանցանքը։ Այդ կինը դա գիտի, որովհետև տեսանյութը նայելուց հասկանում ես, որ առաջին անգամ չեն նման գործով զբաղվում։ Մոր ձերբակալությունը չարիքի կանխում չի, արմատը հողում է։ Արմատը պիտի հանել։ Մորը ձերբակալեցիք ու պը՞րծ…