Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ:
Այս մասին ասել է Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ ի պատասխան News.am-ի հարցման, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի:
«Կարծում եմ՝ երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր: Չնայած պետք է ասել, որ դրանք ստերիլ իրարից միշտ չէ, որ տարբերակվում ու տարանջատվում են, որովհետև հարցեր կան, որ խաչվում են»,- այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մրցույթի մասնակիցներից մեկին հարցին, թե ինչպիսի՞ն են ներկա փուլում պետություն-եկեղեցի հարաբերությունները: «Օրինակ, Հայ առաքելական եկեղեցին ուզում է, որ մի շարք ապրանքներ, որ ներմուծվում են եկեղեցու կարիքների համար, ճանաչվեն բարեգործական ու մաքսային վճարների չենթարկվեն, օրինակ պարաֆինը, որից մոմ են պատրաստում: Մենք այստեղ սկզբունքային լուրջ խնդիրներ ենք տեսնում»,- ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով դրանք: Նա նաև հավելել է՝ եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ՀՀ-ը ժողովրդավարական երկիր է, կարող է ծավալել. «Ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն»,- ասել է վարչապետը: Հիշեցնենք՝ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: |