Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Արտուշ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, հայտնվել է ճանապարհի ջրափոսում, ինչից հետո կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, դրանցից մի քանիսը պոկել և մոտ 100 մ առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հանդիպակաց գոտում՝ ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ու ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Ավետիք Մ.-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց ժամանումը հետաքրքրասեր որոշ վարորդներ ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից հետո հաշված րոպեների ընթացքում երթևեկությունը կարգավորվեց։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորներն իրենց բարեկամներն են, որոնցից մեկը զինծառայող է։ Նրանք փրկվել են, քանի որ եղել են առաջին հերթին ամրակապված, ապա՝ քաղաքացիների փրկարարների ու բժիշկների շնորհիվ։ Եթե նրանք ամրագոտին կապած չլինեին, հաստատ մեքենայից դուրս էին շպրտվելու ու հնարավոր է՝ վթարը ողբերգական հետևանքներ ունենար, բայց հիվանդանոցից նաև պարզել ենք, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հետազոտման փուլում։