Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան Գյումրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Toyota Camry և Mazda Tribute մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մարալիկի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:
Վթարից հետո ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան էլ բախվել է վթարված ավտոմեքենաներից մեկին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը եղել է սպիտակ գույնի Toyota Alphard մակնիշի ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից ճողոպրելը։
3 ժամից ավելի է Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչները չեն բարեհաճել ժամանել դեպքի վայր, մինչդեռ ուրիշ ժամանակ թողնես կուրծք ծեծելով իրենց կպատռեն, թե մենք օպերատիվ ենք աշխատում։ Իսկ որ Շիրակի մարզի Անիի և Արթիկի քննիչների մասին քաղաքացիները լեգենդներ են պատմում, որ իրենց պետի հետ ատամհատիկին կրիա են քաշել, դա ապացուցվում է նման դեպքերում այդ քննիչներին ժամերով սպասելով։ Այս վթարի դեպքում նույնպես քննիչները արջաքուն են մտել։