Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Բավրա-Գյումրի ավտոճանապարհի՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը, առաջին բուժօգնություն ստանալուց հետո, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել Շիրակի մարզի գումարտակի պարեկները։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի վայրը ոլորապտույտ հատված է և մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին և ստեղծվել էր մոտ 1 կմ-անոց խցանում։ Պարեկների ժամանումից մի քանի րոպե անց երթևեկությունը կարգավորվեց։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։



