Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Վահե Ղուկասյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 40 մետր սահելով հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, ինչի համար էլ պարեկները տեղում իրականացրել են հերթապահությունը։