Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Քանի որ ավտոմեքենան մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Նարեկ Սահակյանը, Վարշամ Հովհաննիսյանը, Ռոբերտ Մարտիրոսյանն ու Աշոտ Բադալյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վնասված Toyota-ի սեփականատիրոջ ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ տեղի է ունեցել Nissan-ի բախումը՝ երկաթե արգելպատնեշներին, երկաթներից մեկը շպրտվել ու վնասել է այդ պահին դեպի Սևան ընթացող Toyota մանկիշի ավտոմեքենան, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է Nissan-ի առջև թափառող շան հայտնվելը, ու վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, տեսնելով շանը, խույս է տվել ու հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի ճանշինի աշխատակիցները, ովքեր սպասում են, որ քննիչը դեպքի վայրի զննությունն ավարտի, որ պոկված երկաթե արգելապատնեշը նորոգեն: