Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Աբովյան-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են MAN բեռնատարն ու Ackermann կիսակցորդիչով բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և շտապօգնության բժիշկները։
Բախման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի և սկսվել դիզվառելիքի արտահոսք
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, այնուհետև կատարել են ճանապարհի լվացում։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։