Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Էրիկ Աբրահամյանը իրա վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում՝ Պուշկինյան լեռնանցքի 1-ին ոլորանում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել անտառում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է․ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Է․ Աբրահամյանը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։