Այսօր՝ ապրիլի 3-ին, ավոտվթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 51-ամյա Գագիկ Պ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց գյուղի վարչական տարածքում դեպի Վաղարշապատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհի երթևեկելի գոտին:
Վարորդին, ով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները մինչև վիրավորին հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ վթարի հետևանքով ճանապարհը մասամբ փակվել է, ու մինչ նրանց ժամանումը, հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծել արհեստական խցանում:
Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհ» դեպարտամենտի աշխատակիցները, ովքեր սպասում են, մինչև քննչական գործողություններն ավարտվեն, որպեսզի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչների հետ կոտրված երկաթե էլեկտրասյունը փոխարինեն նորով: