Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րֆ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանցից մի քանիսն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։