Այսօր` փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 21։10-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12 կմ հատվածում ` «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» հուշարձանի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործելով հատուկ տեխնիկա` ավտոմեքենայից դուրս են բերել 2 հոգու։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։