Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Ուրցալանջ գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan ու Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակի եզրին:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի մասին Ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի տեղակալ Մուրադյանի և Վեդիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: