Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Գետափ ավտոճանապարահի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Արմավիր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 5 մ բարձրությունից բախվել քարերին և հայտնվել է ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:
ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները ամուսիններ են և կնոջ հայրը: