Այսօր հունվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել են Mitsubishi ու Reno, և Volvo ու ՎԱԶ 2102 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավսածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները, ապա փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:













