Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը աղետի գոտուց տեսանյութեր է հրապարակում, որոնցում երևում է հայ փրկարարների աշխատանքը։
Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակած տեսանյութերից մեկում Փայլանը ցույց է տվել թե ինչպես են հայ փրկարարները դի դուրս բերում փլատակներից և հանձնում սգացող հարազատներին։
Փայլանը հայտնում է, որ Հայաստանից ժամանած և Ադիյաման քաղաքում աշխատող փրկարարական ջոկատը փլատակներից առայժմ դուրս են բերում անշնչացած մարմիններ և, ցավոք, վիրավորներ դեռ չեն հանդիպում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում աղետալի երկրաշարժից տուժած երկրներ՝ Թուրքիա և Սիրիա։ ԱԳՆ-ի հայտարարությանը հաջորդել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանի հեռախոսազրույցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թակիփ Էրդողանի հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։