Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե որ դեպքում հրաժարական կներկայացնի։
«Ես չեմ կարող փողոց դուրս գալ, ասել՝ ժողովրդից ստացած իշխանությունն ո՞վ է ուզում, վերցրեք։ Ժողովրդի իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը։
Եվ այստեղ քննարկելու երկրորդ տարբերակ չկա։ Երկու անգամ հրաժարական եմ տվել, երկու անգամ ՀՀ-ում տեղի են ունեցել ընտրություններ, որոնք մեր երկրի գոյության պատմության ընթացքում միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային, ժողովրդավարության կանոններին և չափանիշներին համապատասխան։
Սրանով ամեն ինչ ասված է։ Եվ ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, որովհետև ես պատասխանատու եմ նաև նրա համար, ինչ սրանից հետո է տեղի ունենալու։
Եվ ես այդ պատասխանատվությունը պատրաստ եմ կրել մինչև այն պահի, երբ այդ իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ այլևս», ասաց նա։