Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Թավրիզյան փողոցի թիվ 53 տնից լսվել է պայթյունի ձայն, վնասվել են ապակիները, դուռը, տանիքից նկատվում է ծուխ և կան տուժածներ:
Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, Կարինե Լ.-ին պատկանող եռահարկ տանը տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ հրդեհը քաղաքացիների ուժերով մարվել է:
Այրվել է տանը եղած հեռուստացույցը, հեռուստացույցի տակդիրը, կենցաղային իրեր, փլուզվել է միջսենյակային պատից մի հատված, պատշգամբի դուռ, և կոտրվել են 2-րդ հարկի պատուհանների ապակիները:
Դեպքի վայրից 1 հոգի հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Տեղում փրկարար-հոգեբանը հոգեբանական զրույց է ունեցել 2 քաղաքացիների հետ, որոնցից մեկը անչափահաս է եղել: Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», Երևանի ԳԳՄ-ի, «Տրանսգազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունների ներկայացուցիչները:
Օպերատիիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, պարզվում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ այնտեղ, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, բնակելի չի եղել:
Այս պահին տեղում աշխատում են փորձագետները:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը: