Այսօր՝ փետրվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 12:30-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքնան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է նոր կաուցվող ճանապարհին տեղադրված բետոնե եզրաքարին, մի քանի մետր շպրտել այն, առաջ ընթացել, բախվել երթևեկելի գոտուց դուրս՝ ճանապարհի թույլատրված հատվածում կայանված Howo մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթացել և մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ Howo մակնիշի բեռնատարի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Մահացածին ու վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Թալինի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Վիրավորներից մեկը Թալինի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Opel-ի ուղևորն է, իսկ վարորդն ու մյուս վիրավոր ուղևորը՝ նրա ազգականներն են: