Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։ Տարածքը նույն վաշտի պարեկները սահմանազատել են։
Ժամանել են նաև քրեագետները, ովքեր վնասազերծել են պայթուցիկը և տեղափոխել անվտանգ վայր։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ և աշխատակիցները այն տարել է ներս, բարեբախտաբար չի պայթել այն։
Դեպքի վայրում էլ արդեն ներսում գտնվողներից մի քանիսն էլ ասում էին, որ երբ վնասազերծել են, Գ․ Արսենյանը հայտնել է, որ երկու օր առաջ է դրված եղել պայթուցիկը և այն ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ ասել են այդ դեպքում ինչի համար ժամացույցը չի գործել Գ․ Արսենյանը պատասխանել է, թե կարող ա «էլեմենտը» նստել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։