Կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստին որոշում ընդունեց ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, որի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2024թ. հունվարի 1-ից այլևս անձնագրերում կլոր կնիք (ելքի վիզա) ունենալու անհրաժեշտություն չեն ունենա:
Կառավարության անդամներին հարցը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
«Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների անձնագրերի 4-րդ էջում առկա է կլոր կնիք, որը վկայում է օտարերկյա պետություններում մեր քաղաքացիների վավերականության մասին, այսինքն սա իրենցի ենթադրում է վավերականության նշում, բայց նշեմ, որ այն չի հատվում անձնագրերի ընդհանուր վավերականության գործողության ժամկետի հետ։ Տարիներ շարունակ այս կլոր կնիքը նպատակ է հետապնդել մուտք ու ելքի հետ կապված հարցերը կարգավորել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք նույնականացման քարտերի ինստիտուտը և այլ գործիքակազմեր, որոնք ևս մի շարք ռիսկեր կառավարելի են դարձնում․ կլոր կնիքի նշանակությունը, ըստ էության, իմազտազրկվում է»,-նշեց փոխնախարարը։
Որոշան նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշմամբ կբարելավվի նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, քանի որ քաղաքացիները ստիպված չեն լինի ՀՀ-ից մեկնելու յուրաքանչյուր դեպքում այցելել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, ինչն էլ իր հերթին կթեթևացնի անձնագրային ծառայություններում գոյացող հերթերը։
Մանրամասները՝ տեսանյութում