Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետն անդրադարձել է սահմանային վերջին լարվածությանը. «Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:
Ադրբեջանական մամուլում ու քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը:
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- ասել է Փաշինյանը:
Նա խոսել է նաև Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին. «Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի ու ՀՀ-ի՝ նոր ռազմական սադրանք ձեռնարկելու հնարավորությունը... Միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի՝ մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- ասել է Կառավարության ղեկավարը: