Առողջական ամենատարբեր խնդիրների դեպքում օրգանիզմը միշտ հուշում է դրանց մասին այս կամ այն ախտանշանի միջոցով, սակայն լինում են դեպքեր, երբ ախտանշաններն առաջին հայացքից բավական անվնաս են թվում, ինչի հետևանքով մարդիկ հաճախ անտեսում են դրանք։
Այնուամենայնիվ բժիշկները նախազգուշացնում են, որ կան ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, այլապես հետևանքները կարող են անդառնալի լինել։
Մասնագետները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք հուշում են վտանգավոր հիվանդությունների մասին և որոնց դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։
Քաշի կորուստ
Կենսակերպի կամ սննդակարգի փոփոխությամբ չպայմանավորված քաշի նվազումը շատ վտանգավոր ախտանշան է։ Եթե մեկ ամսվա ընթացքում մարդը կորցնում է մարմնի ընդհանուր զանգվածի մինչև հինգ տոկոսը, իսկ կեսից մեկ տարում՝ մինչև տասը տոկոսը, ապա խնդիրը պայմանավորված է որևէ լուրջ ախտաբանությամբ, որը թույլ չի տալիս օրգանիզմին ինչպես հարկն է կլանել սննդարար նութերը։ Նման ախտաբանությունների շարքին կարող են դասվել լյարդի հիվանդություններն ու քաղցկեղը, ուստի այն չի կարելի անուշադրության մատնել։
Մարմնի ջերմաստիճանի բարձրացում
Մշտապես բարձր մարմնի ջերմաստիճանը (անգամ չնչին բարձրացման դեպքում), որը պահպանվում է մեկ շաբաթ և ավելի, կարող է հուշել օրգանիզմի թաքնված վարակների, ինչպես նաև լիմֆոմայի՝ ավշային համակարգն ու իմունային համակարգի մասը կազմող բջիջներն ախտահարող չարորակ ուռուցքի մասին։
Հևոց
Հևոցը ևս կարող է հուշել վտանգավոր խանգարումների մասին։ Դրանց շարքին են դասվում թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, սրտի հիվանդությունները, թոքերում թրոմբների առկայությունը (թոքային էմբոլիա), թոքային ֆիբրոզը, ինչպես նաև կորոնավիրուսային վարակը։
Գլխացավ
Անսպասելի կտրուկ գլխացավը, որն ուղեկցվում է ծոծրակի թմրածությամբ, կտրուկ թուլությամբ, տեսողության ու խոսքի խանգարումներով, ցանով ու անբացատրելի անտարբերությամբ նույնպես չի կարելի անուշադրության մատնել։ Ընդ որում՝ այս ախտանշանը հատկապես վտանգավոր է 50 տարեկանից բարձր անձանց համար։ Նման խնդիրներով կարող են դրսևորվել գլխուղեղի կաթվածը, գլխուղեղի արյունատար անոթների բորբոքումը, անևրիզմը (անոթալայնանք) կամ մենինգիտը, որը գլխուղեղի և ողնուղեղի ուղեղապատյանների բորբոքումն է։
Չափազանց արագ հագեցում
Անգամ քիչ քանակությամբ սննդով արագ հագենալը կարող է պայմանավորված լինել տարբեր խնդիրներով, որոնց թվում են նաև այնպիսի վտանգավոր խանգարումները, ինչպիսին են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղը կամ ձվարանների քաղցկեղը։
Մարմնի գործառույթների կարճատև կորուստ
Նորմալ տեսնելու, խոսելու կամ շարժումները կառավարելու կարողության կտրուկ կորուստը կարող է լինել գլխուղեղի կաթվածի կամ տրանզիտոր իշեմիկ գրոհի ախտանշան։ Հատկապես վտանգավոր են հետևյալ խանգարումները.
Աչքերում լույսի առկայծումներ
Չի կարելի անուշադրության մատնել նաև աչքերում անսպասելի լույսի առկայծումները, քանի որ դրանք նույնպես կարող են վտանգավոր լինել։ Նման ախտանշանը հուշում է ցանցաթաղանթի շերտավորման մասին, իսկ այս գործընթացը հանգեցնում է տեսողության կորստի։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը