Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ կլինիկայում կոլեգաների հետ քննարկում էինք Երևանի կլինիկաներից մեկում տեղի ունեցած մի դժբախտ դեպք՝ մահվան ելքով։
Ըստ լուրերի՝ մահվան պատճառը չարորակ հիպերթերմիան էր, որը գրանցվել էր ռինոպլաստիկայի ընթացքում։
Երեկոյան նայում եմ օրվա լրահոսը, եւ այդ դժբախտ դեպքի մասին պատմող հոդվածների տակ աչքի ընկան բազմաթիվ մեկնաբանություններ, որտեղ «անտեղյակ» հասարակությունը «թաղում էր» վիրահատող բժշկին և ինչ ասես գրում նրա հասցեին։
Որպես պլաստիկ վիրաբույժ՝ պարտավորված զգացի անդրադառնալ այս թեմային։
Նախ, ցավակցում եմ մահացած աղջկա հարազատներին և մտերիմներին։ Հասկանում եմ, որ ոչինչ չի կարող սփոփել կորստի ցավը և ոչ էլ հետ բերել կորցրած հարազատին, այնուամենայնիվ, կարծում եմ, որ կլինի իրավական գործընթաց և մասնագիտական և իրավական գնահատականներ կտրվեն կատարվածին․․․
Երկրորդը՝ ցանկանում եմ ընդգծել, որ տեղյակ չեմ, թե ով էր վիրահատող բժիշկը և նույնիսկ նրա անունը չգիտեմ։ Սա գրում եմ, որպեսզի որևէ դեպքում տպավորություն չստեղծվի, թե անձնական հարաբերությունների հարց է։
Այնուամենայնիվ, կարևոր եմ համարում մի քանի բառով ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում չարորակ հիպերթերմիան։
Դա մարմնի ջերմաստիճանի` կյանքին սպառնացող բարձրացումն է, որը սովորաբար ի հայտ է գալիս ընդհանուր անզգայացման ժամանակ կիրառվող որոշ դեղերին ի պատասխան։ Ներկայումս հայտնի է, որ խնդիրը ժառանգական նախատրամադրվածությունն է։ Հանդիպում է մոտավորապես 20 000-ից 1-ի դեպքում (1:5000-ից մինչև 1։100 000՝ ըստ տարբեր տվյալների): Կանխատեսել, որ պացիենտի մոտ կարող է զարգանալ այդ չարաբաստիկ խնդիրը հնարավոր է անամնեզով, եթե պացիենտի հարազատներից կամ ազգականներից որևէ մեկի մոտ նախկինում գրանցվել է նման խնդիր, կամ էլ՝ որոշակի հետազոտություններով (մկանի բիոպսիա և թեսթավորում)։ Ավելի պարզ լեզվով եթե ասելու լինենք՝ պացիենտից մկանի կտոր են վերցնում և հետազոտում՝ համապատասխան թեսթերով։ Բնականաբար, ամեն վիրահատությունից առաջ նման հետազոտություն չի արվում, եթե չկան հիմնավոր կասկածներ, որ պացիենտի մոտ առկա է ժառանգական նախատրամադրվածություն։
Վիրահատության ընթացքում, եթե ի հայտ է գալիս խնդիրը, ապա ընդունված պրակտիկան՝ «Դանտրոլեն» պրեպարատի ներարկումն է և սիմպտոմատիկ բուժումը՝ մարմնի հովացումը, անեսթետիկ պրեպարատների և միոռելակսանտների ընդունման կասեցումը, օրգանների դիսֆունկցիայի շտկմանն ուղղված միջոցառումները և այլն։
Իմ ուսման և պրակտիկայի ընթացքում երկու անգամ նման դեպքի նկարագրություն է հանդիպել, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ Յարոսլավլում։
Դեռ այն ժամանակ պարզվեց, որ «Դանտրոլեն» պրեպարատը Հայաստանում գրանցված չէ, և առանձին անեսթեզիոլոգներ իրենց հաշվին և իրենց անձնական կապերով բերում են՝ փորձելով ապահովագրել իրենց հնարավոր ռիսկերից։ Կոլեգաներիցս նշեցին, որ վերջերս կարծես գրանցել են այդ պրեպարատը նաև ՀՀ-ում։
Կոնկրետ վիրաբույժի «մեղքը» այս հարցում գրեթե 0 է և ազնիվ չէ՝ լրագրողական ոչ մասնագիտական նյութի հիման վրա «թաղել» վիրաբույժին և նրա կարիերան։ Որևէ վիրաբույժ ապահովագրված չէ նման ռիսկից և ցանկացածի պրակտիկայում կարող է պատահել այդ դժբախտ իրավիճակը։
Իմ համար, որպես պրակտիկ վիրաբույժի՝ ընկալելի չէ մասնագիտական հանրության լուռ անտարբերությունն այս հարցում։ Ուստի հարկ համարեցի անդրադառնալ այս դեպքին և խնդրել, որպեսզի լրագրողները, հանրությունը և այլ շահագրգիռ կողմեր չշտապեն իրենց գնահատականներում։
Հույս ունեմ, որ ապագայում այս հարցը առավել մեծ ուշադրության կարժանանա, և մասնագիտական բժշկական գործունեությունը Հայաստանում կդառնա է՛լ ավելի ապահով՝ թե՛ պացիենտների և թե՛ բժիշկների համար»