Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց, վերգետնյա անցման մոտ բախվել են «Toyota Camry», «Toyota Corolla» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota»-ներից մեկում հրդեհ է բռնկվել։
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նաև վտանգելով իրենց կյանքը, վառվող ավտոմեքենայի միջից դուրս են բերել վիրավորին, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խմբի փրկարարները՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մարել «Toyota»-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայրում աշխատել է նաև փրկարար-հոգեբանը, ով հոգեբանական օգնություն է ցուցաբերել վիրավորների հարազատներին։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։