Այսօր՝ մայիսի 6-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00․30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի ճանապարհից դեպի Էրեբունի տանող Սարի թաղի կամրջի հարևանությամբ Opel մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի սրահում ատրճանակ կա։
Ոստիկաններն ու պարեկները Opel մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի վրա հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ վարորդի կողքի նստատեղին հայտնաբերել են ատրճանակ, որի վրա նույնպես կան արնանման հետքեր։
Գ․Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ, 50-ամյա Սամվել Մ․-ն։
Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Ազատության պողոտայում, ինչի համար էլ Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Արդեն տեղում Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, պարզել են, որ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։
Գ․Շամշյանի տեղեկություններով, վիրավորը Ոստիկանության նախկին ծառայող է և աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի արագ արձագանքման խմբում։